News
Սոցիալական աջակցություն Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից
|
2020-06-15 21:44:48 |
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից աջակցություն տրամադրվեց Ամասիա համայնքին
Հունիսի 12-ին Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից մարդասիրական աջակցության ստացավ Ամասիա համայնքը: Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությունից օգտվեց 51 ընտանիք:Ամասիայի համայնքապետարանը և շահառու ընտանիքներն իրենց խորին շնորհակալություն են հայտնում կազմակերպությանը՝ կարևոր և սպասված աջակցության համար: http://amasia.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=828#.Xuc-VkUzaUn |
2020-06-15 13:35:31 |
Տեղեկատվական բյուլետեն (Սախարովի կենտրոնի իրականացրած սոցիալական ծրագրի)
Ելնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից՝ Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը 2020 թ․ մայիսի 1-ին դիմեց իր դոնոր կազմակերպությանը և սկսեց բանակցություններ վարել սոցիալական ծրագիր իրականացնելու համար՝ ՀՀ երեք մարզերում (Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) ամենակարիքավոր ընտանիքներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Սույն սոցիալական ծրագիրը պետք է իրականացվեր Սախարովի կենտրոնի «Քաղաքացիական հասարակության հզորացումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ընթացիկ ծրագրի շրջանակներում։ Համաձայնություն ձեռք բերելուց հետո, Սախարովի կենտրոնը հունիսի 1-ից ձեռնամուխ եղավ վերոնշյալ ծրագրի իրականացմանը։ Կենտրոնի մասնաճյուղերի ղեկավարները սոցիալական ծառայության մարզային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ճշտեցին այդ մարզերի սոցիալապես առավել անապահով անձանց տվյալները և կազմեցին կարիքավորների ցուցակները, հուշագրեր կնքվեցին համագործակից համայնքների և կազմակերպությունների հետ:
Ծրագրի համար նախատեսված գումարով ձեռք բերվեց սննդամթերք և հիգիենայի պարագաներ։ Որոշում կայացվեց յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի հատկացնել 20 հազար դրամ արժողությամբ փաթեթ։ Ստորև ներկայացված են սոցիալական օգնության փաթեթներում ներառված ապրանքատեսակների անվանումներն ու դրանց քանակը․
Այս սոցիալական ծրագրի շրջանակներում 300-ական փաթեթներ կբաժանվեն Շիրակի և Սյունիքի մարզերի կարիքավոր ընտանիքներին (ընդամենը՝ 600 փաթեթ)։
1․ 108 փաթեթ – Շիրակի մարզում․ Հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի ոչ բարենպաստ կլիմայական պայմանները և ջեռուցման երկարատև օգտագործման հանգամանքը, որոշվեց վճարել Գավառ քաղաքի 300 կարիքավոր ընտանիքների գազի վարձավճարը (20 հազար դրամ՝ յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի)։ Սոցիալական ծրագրի աշխատանքներն իրականացվում են Սախարովի կենտրոնի աշխատակիցների կողմից՝ ՏԻՄ ներկայացուցիչների, սոցիալական ծառայության աշխատակիցների և կամավորների աջակցությամբ։ Աշխատանքները շարունակվում են։ https://www.facebook.com/SakharovCentre/posts/2297870593691797?__tn__=K-R |
2020-06-11 13:46:23 |
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Պարոն Վարչապետ, Համաձայն քաղաքակիրթ աշխարհի երկրներում ընդունված էթիկայի կանոնների՝ վարչապետին դիմելիս պարտադիր կերպով օգտագործվում է «հարգարժան» բառը՝ որպես պետության խորհրդանիշի՝ ընդգծելով պետության արժանապատվությունը։ Սակայն, Ձեր դեպքում կշեղվեմ այդ կանոնից․․․Պետության նման կարևորագույն պաշտոնում Ձեր երկամյա իմիտացիոն-մանիպուլյացիոն գործունեությունը և պետության կառավարման տարբեր ճյուղերում գործող Ձեր «համախոհների» ճնշող մեծամասնության մտահոգության «եռանդուն ցուցադրությունը»՝ պետության քաղաքացիների ճակատագրի նկատմամբ, ցույց են տալիս, որ Դուք և Ձեր «համախոհները» ի վիճակի չեք կառավարել պետությունը ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ վտանգված է նրա պետականությունն ու բնակչության անվտանգությունը։ Ձեր բարոյականության, կուլտուրայի և գիտելիքների իմացության մակարդակը չի հասել այն աստիճանի, որ կարելի կլինի Ձեզ վստահել պետության և ժողովրդի ճակատագիրը: Դուք և Ձեր «թիմը» նեղ գավառական մոտեցում եք ցուցաբերում բնական աղետների, պետության ներքին և արտաքին քաղաքականության և սոցիալ-տնտեսական ընթացիկ ու հետագա իրավիճակների լուծման ուղղությամբ։ Ձեր կյանքի նպատակն է՝ փնտրել «մեղավորների» և նրանց վրա բարդել պետության Ձեր «ապաշնորհ» կառավարման ողջ պատասխանատվությունը։ Ձեր պատկերացմամբ, «ժողովրդավարությունը» պետության միանձնյա տոտալ կառավարումն է, երբ պետության մյուս բոլոր անդամները (նույնիսկ Ձեր «թիմակիցների» անձնական շրջապատը) ի սկզբանե կրում են «նախնական» մեղք և պատասխանատվություն Ձեր առջև՝ ըստ սահմանման։ Այս նամակում չարժե նշել Ձեր բոլոր, մեղմ ասած, «արտասովոր դիպվածները», որոնց համար հուսով եմ պատասխան եք տալու դատարանի առջև։ Հավատացե՛ք, այդպես էլ լինելու է․․․ Այժմ պետք է մտածել այն մասին, թե ինչպես հակազդել կորոնավիրուսի անկառավարելի տարածման մահաբեր վտանգին: Միգուցե Դուք և Ձեր «մասնագետները» բարեհաճեք իջնել «երկնքից» և շտապ կարգով ուսումնասիրեք այդ չարիքի դեմ պայքարի, թեկուզև, հարևան Վրաստանի փորձը։ Խորհե՛ք․․․
Լևոն Ներսիսյան Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն
|
2020-06-08 18:28:52 |
Նամակ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետին
Պարոն Ավինյան, Աջակցելով երկրի Պարետատան ձգտմանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու երկրի բնակչության՝ կորոնավիրուսի զանգվածային վարակման «շղթայական ռեակցիան» կանխելու համար, չեմ կարող համաձայն լինել Ձեր վերջին որոշման հետ՝ բաց տարածքներում երկրի բոլոր քաղաքացիների կողմից բժշկական դիմակները պարտադիր կրելու վերաբերյալ, բացառությամբ 6 տարեկանից ցածր երեխաների, հեծանվորդների և սպորտով զբաղվող անձանց: Հարց է ծագում․ իսկ ինչպե՞ս վարվել հղի կանանց, ինչպես նաև սիրտ-անոթային ու շնչառական անբավարարության այլ հիվանդություններով տառապող մարդկանց հետ։ Ես այնքան էլ վստահ չեմ, որ մեր ոստիկանները, ինչպես նաև հասարակական վերահսկիչները, յուրաքանչյուր կոնկրետ խախտման դեպքում, նախքան համապատասխան վարչական տույժ նշանակելը, համակ ուշադրությամբ «կլսեն» խախտողին: Խնդրում եմ մտածեք․․․ Միգուցե բժշկական դիմակները զանգվածաբար կրելու որոշմանը զուգահեռ, փորձեք, գոնե Երևանի կենտրոնում, իրականացնել շենքերի և փողոցների (որտեղ մեծ թվով մարդկանց կուտակումեր են լինում և ոչ միայն) պարբերական ախտահանում, օգտագործված դիմակների և ձեռնոցների հավաքում, աղբամանների դատարկում և այլն։ Միևնույն ժամանակ, շահագրգիռ կազմակերպությունների և հաստատությունների (բանկեր, նախարարություններ և գերատեսչություններ, բժշկական հաստատությունների ընդունելության բաժիններ, սոցիալական ծառայություններ և այլն) հետ միասին, մշակել այցելուների ընդունման տեխնոլոգիաներ, որոնք կբացառեն հաճախորդների կուտակումները: Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Ներսիսյան |
2020-06-05 21:10:59 |
Նամակ Երևանի քաղաքապետին
Պարոն Քաղաքապետ, Դատելով Երևանի փողոցներում տիրող հակասանիտարական վիճակից, կարծիք է ձևավորվում, որ երկրի բնակչության համար այս օրհասական ու արտակարգ իրավիճակում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, Երևանի քաղաքապետարանն ինքնահեռացել է իր ուղղակի պարտավորություններից։ Հարցեր են ծագում․ Ինչո՞ւ չեն լվացվում քաղաքի փողոցները (գոնե՝ կենտրոնական)։ Ինչո՞ւ չի իրականացվում շենքերի ու փողոցների ախտահանում, հատկապես այնտեղ, որտեղ մեծ թվով մարդկանց կուտակումներ են լինում։ Ինչո՞ւ են փողոցներն ու պուրակները լցված օգտագործված բժշկական դիմակներով և ձեռնոցներով, որոնք վարակի տարածման վտանգավոր աղբյուրներ են։ Ինչո՞ւ են աղբամանները լեփլեցուն աղբով, որոնք հազվադեպ են դատարկվում օրվա ընթացքում․․․ Ինչո՞ւ նստարանները չեն մաքրվում թռչնաղբից, որը մնացել է դեռևս անցյալ տարվանից։
Վերոնշյալ «ինչուները» կարելի է անվերջ թվարկել։ Երևանի բնակիչները Ձեզ ընտրել են որպես քաղաքապետ և Դուք պարտավոր եք կատարել Ձեր պարտականությունները։
Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Ներսիսյան |
2020-06-05 21:07:36 |